National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.04.2022
Քննարկման առանցքում են եղել հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման սահմանափակումները
1 / 5

Մարտի 15-ից ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի այն դրույթները, որոնցով սահմանափակվում է հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի եւ դրա փոխարինիչների օգտագործումը: Սա արվել է մարդկանց առողջությունը պահպանելու նպատակով, բայց գործարարների խոսքով՝ որոշակի դժվարություններ է ստեղծել իրենց համար:

Այս հարցով ապրիլի 8-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, տնտեսվարողներ, Կառավարությունից ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի խոսքով՝ խնդիրը հրատապ է, քանի որ սրճարանային բիզնեսը նաեւ սեզոնային է, եւ սրճարանում ծխելն արգելելու պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ կարող են տնտեսական վնասներ կրել: Վահե Հակոբյանը նշել է, որ տնտեսվարողներից ստացած առաջարկները հանձնաժողովն առաջիկայում կքննարկի եւ կփորձի լուծումներ գտնել: Նրա գնահատմամբ՝ խնդրին ոչ թե կարճաժամկետ, այլ համակարգային լուծումներ են անհրաժեշտ:

Տնտեսվարողները բարձրաձայնել են մի շարք խնդիրներ՝ նշելով, որ հանրային սննդի բազմաթիվ օբյեկտներ տնտեսական վնասներ են կրում եւ դրա հետեւանքով կանգնած են փակվելու վտանգի առջեւ: Նշվել է, որ խնդիրն առաջին հերթին օրենքի իրագործման անհնարինությանն է վերաբերում. չկա օրենքի իրականացման համապատասխան գործիքակազմ: Քննարկվել են բացօթյա տարածքներում ծխելը թույլատրելու, ծխելու մասնագիտացված սրահները տարանջատելու եւ կոնկրետ մասնագիտացված ծառայություն մատուցելու հնարավորությանը, ծխելու համար օբյեկտին լրացուցիչ լիցենզիա տրամադրելուն կամ պետական տուրքի բարձրացմանը վերաբերող հարցեր:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը  կարծիք է հայտնել, որ այնպիսի կարգավորումներ են անհրաժեշտ, որոնք եւ՛ կպաշտպանեն պասիվ ծխողներին, եւ՛ տնտեսվարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ կստեղծեն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի կարծիքով՝ այս փուլում օրենքի դրույթները պետք է թողնել անփոփոխ, քանի որ շատ տնտեսվարողներ իրենց գործողություններն արդեն հարմարեցրել են այդ կարգավորումներին: Ըստ նրա՝ փոփոխությունն այս պահին կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում այս քննարկմանը, քանի որ վերոնշյալ խնդիրներին արդեն անդրադարձել են մարտի 31-ին նախաձեռնած աշխատանքային քննարկման ընթացքում: Տնտեսվարողների առաջարկներն այժմ քննարկման փուլում են:

Անդրադառնալով ծխել թույլատրելու դիմաց լրացուցիչ հարկեր սահմանելու առաջարկին՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը կարծիք է հայտնել, որ կարգավորման նպատակը ոչ թե հարկեր հավաքելն է, այլ մարդկանց առողջությունը պահպանելը: Սակայն գործունեության որոշ տեսակների լիցենզավորման եւ տուրք սահմանելու հնարավորությունը քննարկման ենթակա է, ընդ որում՝ նման տուրք սահմանելու դեպքում տուրքի չափը պետք է լինի այնպիսին, որ մի կողմից նպաստի հանրային առողջության բարելավմանը, իսկ մյուս կողմից չհանգեցնի ընկերությունների փակմանը:

Վահե Հակոբյանը նշել է, որ տնտեսվարողների առաջարկով օրենքի ընդունումից հետո առաջացած խնդիրները քննարկելու նպատակով հետամուտ է լինելու, որ հանձնաժողովում ստեղծվի աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն բոլոր շահառուները: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am